Գործում է ոչ թե ջրային, այլ` պետական մաֆիա. «Իրավունք TV»
Բարձր ջերմաստիճանով ու շոգ եղանակով պայմանավորված` երաշտը անտարբեր չի անցել Հայաստանի եւ ոչ մի մարզի կողքով: Բայց պատկան մարմինների կողմից միայն զրո արձագանք է: Այն դեպքում, երբ ունեցած-չունեցած բոլոր ռեսուրսները պետք է կենտրոնացնեին գյուղացուն օգնելու համար, հաշվի առնելով նաեւ, որ դա միաժամանակ շարքային սպառողին, այն է` ՀՀ բոլոր քաղաքացիներին օգնել է նշանակում: Ի վերջո, չմոռանանք, որ բերքի ոչնչացումը տանելու է թանկացումների, որից կտուժեն բոլորը:
Բայց ահա, ինչպես ցույց տվեցին նաեւ վերջին բողոքները, գյուղացին նորից անպաշտպան է: Համենայնդեպս` «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով ոռագման ջրի համատարած պակասի խնդրին, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, գուժելով բավականին տխուր իրավիճակ, փաստեց, որ արդեն իսկ լուրջ կորուստներ կան.
- Արդեն շատ լուրջ վնասներ ունենք, հատկապես Գեղարքունքի, Շիրակի գոտում եւ Արարատյան հարթավայրում: Ասեմ Ձեզ, որ ցորենի եւ գարու աշնանացանի մոտ քառասուն տոկոսը չորացել է: Շիրակի եւ Գեղարքունքի մարզերում տեղեր կան, որ կարտոֆիլի ցանքատարածությունների 30-40 տոկոսն արդեն չորացել են, նույն իրավիճակն է կաղամբի ցանքատարածություններում:
Ստեղծված իրավիճակը իշխանությունների տգիտության հետեւանքն է. ինչքան էլ այս իշխանությունները կադրեր ման գան, մեկ է, նրանց կադրերը փողոցից են դուրս գալու, որովհետեւ մասնագետները այս իշխանությունների հետ ուղղակի չեն աշխատում:
