Գործընթացները պետք է սկսեն միաժամանակ և՛ Հայաստանում և՛ Արցախում. Տիգրան Աբրահամյան
Արցախում քաղաքական, հասարակական մակարդակում և պարզապես միջին վիճակագրական արցախցու համար թիվ մեկ օրակարգային հարցն անվտանգությունն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Յուրաքանչյուր հարց պտտվում է անվտանգության համակարգերի, Արցախի վերջնական կարգավիճակի և ապագայի նկատմամբ անորոշության համատեքստում։
Ակնհայտ է, որ կան հարցեր, որոնք միայն Հայաստանից և Արցախից չեն կապված և դրանց լուծումների հարցում հսկայական դիվանագիտական ջանքեր են պահանջվում, սակայն կան խնդիրներ, որոնց լուծումը համահայկական տիրույթում է, սակայն նույնիսկ այդ պարագայում գործուն քայլեր չեն ձեռնարկվում։
Շատ է քննարկում, թե որտեղի՞ց պետք է սկսել համակարգային լուծումները՝ Հայաստանի՞ց, թե՞ Արցախից։ Տեսակետները տարբեր են, սակայն ես ինքս կարծում եմ, որ գործընթացները պետք է սկսեն միաժամանակ և՛ Հայաստանում և՛ Արցախում։
Խորքում ամենամեծ խնդիրը կամ, այսպես ասեմ, պայքարի արդյունավետ լուծումների հիմքում գաղափարական դաշտի ճիշտ ուղենիշների սահմանումն է, եթե այս հարցը ճիշտ ձևակերպվի և հասցվի հասարակության լայն շերտերին, ապա գործընթացի հաջողությունը երաշխավորված կլինի»։
