«Գորիս» ՔԿՀ-ում 31-ամյա ամբաստանյալի դին են գտել՝ սավանով կախված վիճակում
2019թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 7։30-ին, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿԾ լրատվական բաժինը:
Վերջինս կալանավորվել էր 29.03.2019թ., իր դիմումի համաձայն՝ 03.07.2019թ.-ից խցում պահվել է միայնակ, մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից շուրջ 200 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն կազմակերպելու և թմրամիջոցի ձեռք բերման փորձի համար։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։