Գորիսում ոստիկանների և քաղաքացիների միջև ծագած վեճի դեպքով հարուցվել է քրեական գործ
ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներ Արամ Ա.-ն և Նվեր Ն.-ն 2015 թվականի հունիսի 14-ին զեկուցագրեր են ներկայացրել հիշյալ բաժնի պետին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ անհիմն վիճաբանել են իրենց հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցրել իրենց:
Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, քաղաքացի Գրիգոր Դ.-ն էլ հիշյալ դեպքի վերաբերյալ հայտնել է, որ ավտոմեքենայով ճանապարհը փակելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցը տվել է հայհոյանքներ և հարվածներ է հասցրել իրեն ու ընկերոջը:
Բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: