Ժողովրդական երգիչ Մասիս Հունանյանն անակնկալներ է խոստանում
Fnews.am-ի զրուցակիցը ժողովրդական երգիչ Մասիս Հունանյանն է: Մեր թղթակցի հետ զրույցում Մասիս Հունանյանն ամփոփել է անցնող տարին, անդրադարձել 2018 թվականից ունեցած` իր սպասելիքների մասին:
-Մասի’ս, ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2017 թվականը։
-2017 թվականն ինձ համար բազում ձեռքբերումների տարի էր:
-Տարեմուտին ամփոփելով Ձեր ձեռքբերումները, հատկապես որո՞նք կառանձնացնեիք։
-2017թվականին հաջողություններս բավականին շատ էին, բայց ես կառանձնացնեմ Եվրոպայի մի շարք երկրներ շրջագայությունս և գերազանցության դիպլոմով կոնսերվատորիան ավարտելս:
-Ասում են՝ Ամանորը դիմավորելիս ոմանք ունեն յուրահատուկ ավանդույթներ։ Ասենք՝ ոմանք երազանքը գրում են թղթի վրա, այն կախում տոնածառից։ Ձեր դեպքում կա՞ն այն այսպիսի ավանդույթներ։
-Իհարկե, այդ ամենը գեղեցիկ ավանդույթ է, բայց ես նման ավանդույթներին այդքան էլ նշանակություն չեմ տալի. պարզապես նախընտրում եմ ուրախ տրամադրությամբ դիմավորել Նոր տարին:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք` 2018-ի հետ կապված:
-Ակնկալիքներս մեծ են` 2018-ի հետ կապված: Վերլուծելով իմ այս տարվա աշխատանքները` կարծում եմ` 2018 թվականը ավելի հաջողակ տարի է լինելու:
-Առաջիկայում համերգաշարերով հանդես գալո՞ւ եք։
-Առաջիկայում շատ համերգներ ունեմ: Նշեմ, որ 2018-ին մեծ անակնկալ ունեմ իմ հանդիսատեսի համար:
-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք դիմավորելու Ամանորը։
-Ամանորը միշտ նշում եմ իմ ծննդավայրում` Ջավախքում` ընտանիքիս, հարազատներիս հետ: Ինձ համար ամենալավ Նոր տարին այն է, երբ այդ տոնը նշում եմ հարազատներիս հետ:
- Ասում են՝ նույնիսկ մեծահասակներն են հավատում Ձմեռ պապի գոյությանը։ Ձեր պարագայում այդպե՞ս է։ Եթե այո, ապա ի՞նչ եք խնդրելու նրանից այս տարի։
-Ձմեռ պապիկից կխնդրեմ առաջինը հայրենիքիս խաղաղություն և հայ ազգի հոգսերը թո’ղ նվազեն:
-Ձեր տոնական բարեմաղթանքը։
-Սիրելի’ հայրենակիցներ, թո’ղ շան տարին լինի հավատարմության, հաղթանակների, ձեռքբերումների տարի, բարեբեր տարի: Ես էլ որքան հնարավոր է, իմ երգով կուրախացնեմ իմ հայրենակիցներին: