Գուսան Հայկազունի բուժման համար բարեգործական համերգ կկայանա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Գուսան Հայկազունը հիվանդ է և երգահանի բուժման համար մեծ գումարներ են պետք: Slaq.am-ը բազմիցս անդրադարձել է անվանի երգահանին աջակցելու խնդրին և հիմա ուրախությամբ ուզում ենք նշել, որ փետրվարի 26-ին նախատեսված է համերգ, որից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Գուսանի բուժմանը: Համերգը տեղի կունենա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 19:00-ին, տոմսերի արժեքն է 3000 և 5000 դրամ, այս պահին առկա են միայն 5000 դրամ արժողությամբ տոմսերը:
Բացի այդ, մեր տեղեկություններով՝ Արսեն Գրիգորյանի (Մրո) նախաձեռնությամբ դեկտեմբերի 30-ին երգիչ-երգչուհիների մասնակցությամբ տեղի է ունեցել դրամահավաք , որը ևս տրամադրվել է Գուսան Հայկազունի բուժմանը, պարզապես, ինչպես տեղեկացանք, երգիչները չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել:
Գուսան Հայկազունը՝ չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք հաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ». այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Արցախի ազատագրումը կարծես անցել է նրա երգերի տակ: Երգեր, որոնք տանում են քեզ մեկ այլ Հայաստան՝ համայն հայության երազների երկիրը: