Գյումրիում նոր ինտրիգներ ե՞ն հասունանում...
Շիրակի մարզպետի պորտֆելը ՀՅԴ-ին տալու լուրերը Գյումրիում շարունակում են պահել ինտրիգը: Նախ մարզի մի շարք համայնքի ղեկավարներ հայտարարեցին, որ եթե Ֆելիքս Ցոլակյանը չլինի մարզպետ, իրենք իրենց հերթին կհրաժարվեն համայնքի ղեկավարի աթոռից: Այսօր Fnews.am-ի թղթակիցը փոքրիկ հարցախույզ է անցկացրել Գյումրիում՝ պարզելու հասարակության շրջանում տիրող իրավիճակը: Գյումրեցիներից շատերը դրական համարեցին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գործունեությունը, փոխարնեը հարամար առիթը բաց չթողեցին քննադատաելու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
«Սամվել Բալասանյանը ոչ մեկին բանի տեղ չի դնում: Ինչքան էլ դժգոհելու լինենք նախկին քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանից, մի բան վստահ կարող ենք ասել հաստատ. նրան մենք սիրում էինք իր բոլոր թերություններով հանդերձ։ Բալասանյանը թերություն էական չունի, բայց ջիգյար էլ չունի, իր ժողովրդի մասին չի անհանգստանում։ Վարդանը ժամանակ առ ժամանակ մտնում էր մայլեքը ու մեր հետ խոսքի բռնվում։ Էսի իր քաղաքապետարանի շենքից դուրս չի գալիս կամ էլ դուրս ա գալիս գործուղման համար»։
Գյումրեցիներն ասում են, որ իրենց մոտ հիմա քաղաքական կյանքը մեռած է, քաղաքական գործիչները գյումրեցիների դարդերով չեն հետաքրքրվում։ «Ամենից վատն այն է, որ Սամվել Բալասանյանից խեր ու խաբար չենք տեսնում: Վարդանը գոնե խեղճուկրակներին օգնում էր, էս էդ էլ չի անում, դրա համար էլ Գյումրին էս օրին է հասել»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի Վարդուհի Հովհաննիսյանը։ Սակայն եղան նաև մարդիկ, ովքեր պաշտպանեցին ներկայիս քաղաքապետին։ «Իմ կարճ խելքով մտածում եմ, որ Բալասանյանը վերնախավի կողմից ընդունված ա, իսկ Ղուկասյանից ու իր օյինբազ տղուց բոլորը հոգնել էին։ Գոնե սա կռիվ-դավիների հետ սեր չունի։ Ինչ Բալասանյանը քաղաքապետ է մեր մոտ, ամեն ինչ հանգստացել է, բայց Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքի բացահայտմանը լավ կլիներ Բալասանյանն էլ խառնվեր, այ մարզպետի պաշտոնը չպետք է տան դաշնակներին, իսկ Բալասանյանի տեղն էլ թող դաշնակ նստացնեն, Ցոլակյանն էլ լավ մարդ է»։