Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են սպանության մեղադրանքով
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և hասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։
Նախաքննական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քննվել է երեկ երեկոյան։
Թե ինչ մեղադրանք է առաջադրվել զինծառայողին, և որտեղ է նա անցկացնելու կալանքի ժամկետը, պատկան կառույցները չեն մանրամասնում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողներից մեկը ձերբակալվել է կին հավաքարարի սպանության գործով։
Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել դեկտեմբերի 3-ին Գյումրիում 57 տարեկան կնոջ մահվան առնչությամբ։ Կինը մահացել էր մարմնական ծանր վնասվածքների պատճառով։