Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից հոսպիտալացված է 30 հոգի․ ԱՆ խոսնակ
Այս պահի դրությամբ Գյումրիում հոսպիտալացված է 30 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 3 բնակիչ փսխումով, ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց։
Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բոլորը մասնակցել են Գյումրու «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայումս աշխատանքներ են իրականացնում Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում (հիվանդներից նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար), ինչպես նաև համատեղ աշխատանքներ են տարվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ (սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշառումներ)։
Նախնական վարկածով` հիվանդների հոսպիտալացման պատճառը սննդային գործոնն է։
Այս պահի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։
Աշխատանքները շարունակվում են»,- գրել է ԱՆ խոսնակը։