Գյուղացիներին անելանելի վիճակում են. կարկուտը բերքը «սրբել է»
Երեկ՝ հունիսի 12-ին, երեկոյան կարկուտ է տեղացել հանրապետության որոշ հատվածներում: Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են՝ Շիրակի մարզում թեթեւ կարկուտ է տեղացել, իսկ Արմավիրում հիմնականում Էջմիածինի տարածաշրջանի շուրջ ինը գյուղում՝ Մրգաստան, Արշալույս, Շահումյան, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Դաշտ, Աղավնատուն, Արագած: Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը նշեց. «Մեր գյուղում ոչ մի բան չի մնացել. բերքը հարյուր տոկոսով վնասվել է. կարկուտն ամեն ինչ սրբել է: Գյուղացիներն անելանելի վիճակում են, չգիտեն՝ ինչ անեն: Այդքան ծախսը, չարչարանքը մի քանի րոպեում ջուրն ընկավ:Մարզպետը փոխնախարարի հետ միասին ՝ արդեն եղել է մեր համայնքում: Նրանք տեսել են այս վիճակը»:
Աղավնատան համայնքապետարանի աշխատակից Վալերիկ Զեհրաբյանն իր հերթին նշեց. «Հանձնաժողով է ստեղծվել: Վնասի չափը դեռևս հստակ չի որոշվել. Տարբեր չափի վնասներ են կրել մեր համայնքի բնակիչները: Տեղ կա՝ վնասվել է բերքի 50-60 տոկոսը, կեղ կա՝ ավելի շատ: Կարկուտը հարյուր տոկոսով վնասել ու ոչնչացրել է պոմիդորը, վարունգը, եգիպտացորենը, ձմերուկի բոստանները, լոբին... Գյուղացիները ծանր հոգեբանական վիճակում են: Նախորդ տարի մեր գյուղում կարկուտն ավելի մեծ ծավալների վնասներ տվեց՝ վնասելով տանիքներ, ջերմատներ: Մի քանի տանիքի վնաս փոխատուցեցին, մնացացը մնաց ու մնաց... Ժողովուրդը ծանր վիճակում է. գյուղապետարանն անգամ հողի հարկ չի կարողանում հավաքել: Այսօր մեր համայնք էին եկել մարզպետն ու գյուղատնտեսության փոխնախարարը: Մարդիկ մոտեցել էին նրանց, ասում էին՝ ժողովրդին անտերության եք մատնել, տեր չեք կանգնում. գյուղացիները վարկերի տակ են»:
