Գյուղապետը հանկարծամահ է եղել
Մի քանի օր առաջ մահացել է Լոռու մարզի Մղաթ համայնքի համայնքապետ Վաչագան Նավասարդյանը: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ նա հանկարծամահ է եղել: Մահվան նախնական պատճառը սրտամկանի ինֆարկտն է:
Վաչագան Նավասարդյանը ծնունդով Մղարթից էր և համայնքապետի պաշտոնն զբաղեցնում էր 1997-ից: 50-ամյա գյուղապետը ամուսնացած էր, երեք երեխայի հայր։
«Առաջիկայում համայնքի ավագանին որոշում կկայացնի համայնքապետի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին` որպես պատճառ նշելով մահվան փաստը, որից հետո Լոռու մարզպետարանը անհրաժեշտ փաստաթղթերը կուղարկի ՀՀ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարություն, ապա նաև ՀՀ կառավարություն: Վերջինիս համապատասխան որոշումից հետո Լոռու մարզպետի կողմից կնշանակվի համայքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո կնշանակվեն համայնքապետի նոր ընտրություններ»,- պարզաբանեց Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման ու հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:
Աղբյուր՝ http://news.am/arm/news/297877.html