Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: «Շնորհակալություն եմ հայտում ԱՄՆ կառավարությանը` անկախությունից ի վեր ՀՀ գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերած օժանդակության համար, որը շարունակվում է մինչ օրս, մասնավորապես, գյուղատնտեսության համատարած հաշվառման համար Դուք պատրաստակամություն եք հայտնել տրամադրել շուրջ 1 միլիոն դոլար»,- ողջույնի խոսքում նշել է նախարարը: Այնուհետև նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը, առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Տիկին Հիլարդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ պատրաստ է լսել նախարարության առաջարկները և այն քննարկել իր ղեկավարության հետ, հետագայում ևս համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան կոոպերատիվներն են, ուստի 2014 թվականին ևս, խորհրդատվական ծրագրերի միջոցով կխթանեն նոր կոոպերատիվների հիմնման գործընթացը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ուղղություններում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:
