ՀԱԿ-ԲՀԿ հակասությունները իրակա՞ն են, թե՞ տակտիկական. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայ ազգային կոնգրես կուսակցությունը (ՀԱԿԿ) հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի վերջին որոշման վերաբերյալ: Ըստ ՀԱԿ-ի՝ համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ հիմնելու գործընթացը կարող է դանդաղեցնել շարժումը և իշխանություններին հնարավորություն տալ այդ ընթացքում համապատասխան հակաքայլեր կատարել:
«Միասնական գրասենյակների ձևավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։ Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։
Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ ազգային կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց, որևէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։ Երեկ արդեն ԲՀԿ-ն նույնպիսի կոռեկտությամբ պատասխանել է ՀԱԿ-ին՝ ակնարկելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում հրապարակային միջոցառումներ կազմակերպել: ՀԱԿ-ի այս հայտարարության առթիվ հնչած առաջին գնահատականները հանգում էին եռյակի երկու կուսակցությունների միջև առկա տարաձայնություններին, որոնք այն աստիճանի են հասել, որ արտահայտվում են արդեն հրապարակավ: Գուցե դա համապատասխանում է իրականությանը:
Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան թանկ է գնահատում ՀԱԿ ղեկավարությունն ու հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, չպետք է բացառել, որ ՀԱԿ-ի հայտարարությունը կարող է նաև ներքին պայմանավորվածության արդյունք լինել: Ավելին՝ բացառված չէ, որ ՀԱԿ-ն այդ հայտարարությունը հրապարակած լինի անգամ ԲՀԿ-ի խնդրանքով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
