Հակառակորդն իր որդեգրած գործողությունների ձևերից չի ուզում հրաժարվել
Եթե հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանին 2015թ. շարունակի լարվածությունը, ՀՀ զինված ուժերի խիստ գործողությունները նույնպես շարունակական կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Հակառակորդն իր որդեգրած գործողությունների ձևերից չի ուզում հրաժարվել: Անընդհատ լարվածություն են ուզում ստեղծել շփման գծում՝ չհասկանալով, որ հարցի լուծման հիմնական տարբերակը մենք տեսնում ենք միայն ու միայն խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, վստահության մթնոլորտում: Մենք ինքներս չենք ցանկացել լարվածություն ստեղծել: Եթե միջազգային կառույցների խոսքն ազդեցություն չունի, միակ զսպման մեխանիզմը զինված ուժերի գործողություններն են: Ի սեր Աստծո, եթե դուք չեք ուզում խաղաղություն, ապա մենք պարտադրված ենք պատասխանել, շատ դեպքերում անգամ խիստ պատասխաններ տալ»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով հունվարի 12-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ ներկայացրած 7 կետից բաղկացած հրամանինˋ նախարարը նշեց, որ ՀՀ ԶՈՒ միջին և ստորին օղակների հրամանատարներին՝ հակառակորդի նկատմամբ ինքնուրույն կանխարգելիչ գործողություններ իրականացնելու թույլտվությունն ուղղված է գործողությունների կատարելագործմանը:
«Հրամանատարների գործողություններին ազատություն տալը հնարավորություն է ստեղծելու նախահարձակ լինել»,- պարզաբանեց Օհանյաննˋ ընդգծելով, որ բարձր է գնահատում սահմանին և շփման գծում մեր հրամանատարների ցուցաբերած համարձակությունը:
