Համակարգի մեջ աճել ես, ինքնուրույն ուզում ես խաղալ՝ համակարգը քեզ պատասխանում է
1in.am-ը գրում է. «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
-Պարոն Կարապետյան, ի՞նչ տեսակետ ունեք Սերժ Սարգսյանի բավական կոշտ ելույթի և դրան հաջորդած՝ Ծառուկյանի արձագանքի մասին: Տեսակետներ կան, որ սա չէր կարող տեղի ունենալ առանց Մոսկվայի համաձայնության:
-Ես միշտ ասել եմ՝ օլիգարխներին պետք է դուրս բերել քաղաքականությունից: Ես կողմնակից եմ, որ օլիգարխներն ընդհանրապես քաղաքականությամբ չզբաղվեն. դա վերաբերում է բոլորին: Եթե ինչ-որ մեկին մատնաշում է տվյալ անձը, ապա պետք է իր շրջապատից սկսի, որ արդարացի լինի:
Դուք հարցնում եք՝ ի՞նչ սցենարներ են հնարավոր. ես կարծում եմ, որ բախումը շարունակություն կունենա: Ես համոզված եմ, որ իշխանությունը կփորձի Ծառուկյանի և նրա թիմակիցների վրա կիրառել բոլոր հնարավոր միջոցները:
Ձեր հարցի երկրորդ մասին պատսխանեմ. իմ տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանն իր կյանքում առանց արտաքին աջակցության երբևէ որևէ լուրջ գործընթաց չի նախաձեռնել ու չի իրականացրել, նույնիսկ՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ:
-Նշեցիք, որ բախումը շարունակություն կունենա. խոսքն ի՞նչ սցենարների մասին կարող է լինել: Օրինակ՝ Մարտի 1-ի սցենար հնարավո՞ր է:
-Ես կարծում եմ, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի պայքարի տրամաբանությունը: Եթե պայքարի տրամաբանության մեջ առաջ է քաշվելու խնդիր՝ եկեք ազատվենք այս իշխանությունից, որովհետև նա վատն է (իսկ դա իսկապես այդպես է), բայց դրա փոխարեն հասկանալի չի լինելու, թե ինչ պետք է կառուցեն և ումով՝ ապա ես կատեգորիկ դեմ եմ ընդհանրապես նմանատիպ սցենարների զարգացմանը: Ես կողմնակից եմ, որ հստակություն լինի, թե հետո մենք ինչ ենք ուզում: Երբ մարդը համակարգի մեջ է աճեցվում և համակարգից դուրս փորձում քայլ անել՝ նման կերպ է լինում: Հիմա քաղաքականացված համակարգը նայում է, ասում՝ չէ, դու ինքնուրույն խաղ ես խաղում, մենք քեզ չենք ընդունում և պատրաստվում ենք քեզ ոչնչացնել՝ որպես քաղաքական միավորի: Ինչո՞ւ. որովհետև համակարգի տրամաբանությունն այդպիսին է: Գնալո՞ւ է այդ համակարգի տրամաբանության դեմ Գագիկ Ծառուկյանը՝ չգիտեմ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
