ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀԱՄԱՐ 42 ՀԱԶԱՐ ԳՈՒՄԱ՞Ր ԵՆ ՊԱՀԵԼ
Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հերթական անգամ անդրադարձավ վարժական հավաքներին, մասնավորապես վարժական հավաքների ժամանակ զինծառայողներին տրամադրվող համազգեստի հարցին։ Նրա խոսքով՝ ամիսներ առաջ բազմաթիվ քաղաքացիներ բողոքել են, որ հավաքներից հետո իրենցից պահանջվում է շուրջ 42 հազար դրամ համազգեստի համար։
Պատգամավորը նշեց, որ այդ խնդիրը կարծես թե կարգավորվել է, սակայն այժմ քաղաքացիներին զգուշացնում են, որ տրամադրված համազգեստը պետք է պահպանել առնվազն երեք տարի։
Այս հայտարարությունը արվեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթի քննարկման ընթացքում։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու դրսևորումները, ինչպես նաև սահմանել Ռազմական ոստիկանության գործունեության որոշ առանձնահատկություններ։
