Համբուրգում բուժվող Արման Լազգիյանն արդեն ինքնուրույն շնչում է
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված Արման Լազգիյանն արդեն մի քանի օր է՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում է: Տրախեոստոմիկ խողովակը հեռացնելուց հետո նա կարողանում է ինքնուրույն շնչել, իսկ բժիկշկներն ու հարազատները կարող են լսել նրա ձայնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը:
Այսօր գերմանացի բժիշկները մի քանի ստուգում են կատարել. նրանք զննել են Արմանի թոքերը եւ կերակրափողը՝ դրանց վիճակը գնահատելով բավարար: Միաժամանակ նրանք հանել են տրախեոստոմիկ խողովակը, եւ Արմանը հիմա կարող է ինքնուրույն շնչել: Ավելին՝ առանց խողովակի նրա ձայնն արդեն լսելի է, իհարկե, դեռ շատ խոսել չեն թողնում. պետք է սկզբում վզի վերքը լավանա:
Վաղը գերմանացի մասնագետները պլանավորում են սկսել Արմանի ողնաշարի զննումը: Գերմանիա ժամանելուց հետո հետազոտությունները ցույց տվեցին, որ Արմանի մոտ ողնուղեղի հեղուկի շրջանառությունը խափանված չէ, եւ դա շատ լավ նորություն է: Սակայն Արմանի նյարդերի վիճակը դեռ պետք է ստուգել:
Հոր խոսքով՝ Արմանի տրամադրությունը մարտական է եւ դրական: Բժիշկներն աստիճանաբար լուծում են եղած խնդիրները եւ նրան պատրաստում են ռեաբիլիտացիայի:
Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ ողնաշարի վիրավորում էր ստացել՝ ողնուղեղի վնասվածքով եւ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:
մանրամասն՝news.am-ում:
