Հանրային խորհուրդը կքննարկի «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի ճակատագրի հարցը
ՀՀ Հանրային խորհրդից հայտնում են, որ այսօր տեղի կունենա լիագումար նիստ, որի ընթացքում Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը կհայտնի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի վերաբերյալ: ՀՀ Հանրային խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղեւորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության եւ ոլորտի այլ մասնագետների տեսակետները: Հարցը քննարկման էր դրվել նախ ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության եւ ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների), ինչպես նաեւ ՀԽ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, եւ կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման եւ այլ հարցերի վերաբերյալ: Հոկտեմբերի 31-ին օրակարգային նույն հարցով Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ, որին մասնակցել էին նաեւ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ: Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից. եւ մշակվել է որոշման նախագիծ»:
