«ՀԱՕԿ-ն իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը»
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ի գիտություն բոլորի տեղեկացնում է, որ առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, այդ թվում նաեւ ֆեդերացիաների: Ավելին, համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ հոդվածի, ՀԱՕԿ-ը հանդիսանում է միակ ազգային կազմակերպությունը, որի ճանաչումից հետո միայն հասարակական կազմակերպությունը կարող է հանդիսանալ մարզաձեւի ազգային ֆեդերացիա եւ ներկայացված լինել միջազգային կառույցներում: Նույնիսկ եթե հասարակական կազմակերպությունը ճանաչվել է այդ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կողմից, որեւէ խախտման դեպքում, համաձայն Խարտիայի եւ ՀԱՕԿ-ի կանոնադրության, ՀԱՕԿ-ն իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը: Հետայսու շահարկումներից զերծ մնալու համար, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նաեւ հանդիսանում է մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների իրավաբանական անձանց միությունը եւ համակարգում է նրանց գործունեությունը»: