Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:
2016 թվականի հոկտեմբերի 28-ին քաղաքացի Ա.Ազիզյանից ստացվել է հաղորդում առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին բժշկական կենտրոնում ծնվել է իր որդին, ով նույն օրը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է մեկ այլ բժշկական կենտրոն: Ըստ դիմումատուի՝ բուժաշխատողների կողմից ոչ ճիշտ բուժօգնություն ցույց տալու հետևանքով հոկտեմբերի 28-ին երեխան մահացել է բժշկական կենտրոնում:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին