Հարուցվել է քրեական գործ՝ Վ.Արտաշատում հնչած կրակոցի դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզի բնակչին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: 2016թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:55-ին, «Աստղիկ» Բ/Կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Արարատի մարզի Վ.Արտաշատ գյուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Գ.Բադալյանը: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Գ.Բադալյանը ճանաչվել է տուժող: Նախնական տվյալներով՝ Գ.Բադալյանը մարմնական վնասվածքն ստացել է նույն գյուղի բնակիչ, 50-ամյա տղամարդու կողմից օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վ.Արտաշատ գյուղում՝ դեպի իր տուն տանող ճանապարհին: 2016 թվականի օգոստոսի 21-ին առերևույթ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և համալիր դատակենսաբանական, դատահետքաբանական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
