Հասարակությունն առողջ է եւ հզոր` առողջ կանանցով.Խաչանուշ Հակոբյան
Fnews.am-ի զրուցակիցն է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
-Տիկին Հակոբյան, Ձեր բժշկական կենտրոնն այս տարիների ընթացքում կարողացավ հասնել որոշակի մակարդակի եւ փաստորեն առողջապահության ոլորտում սանդղակ բարձրացրեց: Տեղյակ ենք նաեւ, որ Ձեր կենտրոնը բազում այցելուներ ունի ՌԴ-ից եւ արտերկրից: Կասե՞ք թե ինչպես կարողացաք նոր որակ եւ մոտեցում ապահովել առողջապահության ոլորոտում, եւ ի՞նչ նոր ծրագրեր կան առաջիկայի հետ կապված:
-Օրերս, ինձ մոտ մի այցելու կար, ով Չեխիայից էր եկել: Նա եկել էր ինձ ասելու իր հիացմունքի մասին: Եկել էր հետազոտման ու իր որդուն էր բերել հետը, ինձ համար այնքան հաճելի էր արտասահմանից եկած հյուրից լսել նման խոսքեր: Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք այնպիսի կենտրոն ստեղծել, որը հիացմունք է առաջացնում նաեւ արտասահմանում ապրող մարդկանց մոտ: Միայն Ռուսաստանի Դաշնությունից չէ, որ այցելում են մեր կենտրոն, այստեղ գալիս են նաեւ միջազգային կազմակերպության, դեսպանատների աշխատակիցներ, եւ այլն: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ իրենք իրենց զգան ինչպես փոքրիկ Ամերիկայում: Չնայած հպարտ ենք, որ ապրում ու աշխատում ենք Հայաստանում եւ կարողանում ենք հայկական առողջապահությունն ինչ-որ տեղ առաջ մղել:
-Ի դեպ, առողջապահության ոլորոտի առջընթացի եւ զարգացման մասին, վերջերս խոսեց նաեւ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ասելով որ այս ոլորտում լուրջ տեղաշարժեր են սպասվում: Դուք որպես լուրջ կազմակերպության ղեկավար ի՞նչ սպասելիքներ ունեք այդ հայտարարությունից հետո:
-Անկեղ ասած, ես կցանկանայի իմ գոհունակությունը հայտնել նախարարի խոսքերի վերաբերյալ, որովհետեւ ես համոզմունք ունեմ, որ նա իսկապես կարողանալու է մեր համակարգը վեր բարձրացնել, որովհետեւ շատ եմ հավատում նրա ուժերին ու վստահում եմ նրան: Նա երիտասարդ, էնտուզիազմով ու ավյունով լի մասնագետ է, եւ ունի իր սկզբունքները: Գիտեմ նաեւ, որ բավական խիստ ու պահանջկոտ է: Համոզված եմ, որ նա իր խոսքերը կկարողանա իրականություն դարձնել, իսկ մենք էլ մեր ուժերի չափով կկարողանանք օգնել իրեն այս բնագավառում:
-Տիկին Հակոբյան, դարձյալ անդրադառնանք Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնին: Տեղյակ ենք, որ 2013 թթ-ին, Ձեր կենտրոնում տեղի ունեցավ առաջին վիրահատությունը`ազդարարելով վիրահատարանի բացումը, որի անհրաժեշտությունը առաջ էին քաշել կենտրոնի այցելուները: Կխնդրեի այս առումով մի փոքր մանրամասնեիք, թե ի՞նչ հաջողություններ արձանագրվեցին կենտրոնում վիրահատարանի բացումից հետո:
-Այո իրականում վիրահատարանի բացումը անհրաժեշտություն էր, ու նաեւ ինչ խոսք ձեռքբերում մեր կենտրոնի համար: Այո իրականում մենք ունենք գերմանական սարքավորումներով հագեցած վիրահատարանում` "մեկ օրվա վիրահատարան" պայմանական անվանումով, որտեղ կատարվում են վիրահատություններ` կապված կրծքագեղձի, միզապարկի կամ արգանդի և ձվարանների հետ:
Անկեղծ ասած, աշխատում ենք ծիծեռնակը լինել ամեն ինչում: Պետք է նաեւ նշեմ, որ ոչ միայն մեր կենտրոնում, այլեւ Հայաստանում բավական լուրջ եւ խելացի բժիշկներ ունենք: Գովելի է այն հանգամանքը, որ ունենք բացառիկ մասնագետներ, որոնք հեղինակություններ են, եւ որոնց անուններն անգամ թնդում են միջազգային ասպարեզում: Այս ամենի կողքին պետք է ուշադրություն դարձնենք նաեւ այն երիտասարդ բժիշկներին, ովքեր ունեն ուղեղ եւ ձգտում` ոլորտում լավ բժիշկ դառնալու համար: Մենք էլ մեր հերթին նրանց ենք ոգեւորում, եւ մեր կենտրոնը բավական լավ պայմաններ է ստեղծում, որպեսզի նրանք կայանան, որովհետեւ եթե մարդ ունի գիտելիքների լավ պաշար եւ ձգտում, ապա նրան անպայման պետք է օգնել: Եթե նման բժիշկներին, նախանձախնդրություն ցուցաբերելով <սեղմենք> ու չթողնենք, որ նրանք աճեն, ապա ապագայում մենք չենք ունենա լավ առողջապահություն: Դա է պատճառը, որ մեր կենտրոնում նման բժիշկներին խրախուսում ենք եւ հնարավորություն ենք տալիս կայանալու համար: Մարդու ձեռքը պետք է տալ այն, ինչն իրեն անհրաժեշտ է լավ բժիշկ դառնալու համար: Հարկ է նկատել, որ մենք արտասահմանից ունենում ենք բժշկական խմբերի այցեր, որոնք գալիս եւ մեզ հետ աշխատում են:
-Իսկ որտեղի՞ց են գալիս այդ բժիշկները:
Առավել հաճախ ԱՄՆ-ից են մասնագետներ գալիս: Նրանք մեզ հետ աշխատելով իրենց հիացմունքն են հայտնում մեր բժիշկների աշխատանքի ու աշխատասիրության հետ կապված: Այդ աշխատանքը տալիս է նոր գիտելիքներ եւ նոր մոտեցման ձեւ ու հմտություններ: Վերջերս ԱՄՆ-ից կենտրոն էր այցելել պրոֆեսոր Սալիբյանը, ով վիրահատական միջամտությունը կատարում է յուրահատուկ մոտեցմամբ. եթե կնոջ կրծքագեղձում ախտորոշվել է քաղցկեղ, ապա նա ամբողջ գեղձը հեռացնում է առանց մաշկը վնասելու, մաշկի տակ տեղադրում է հատուկ էքսպանդեր, որն էլ վեց ամիս հետո փոխարինվում է իմպլանտով: Էքսպանդերի առավելությունն այն է, որ կինը վիրահատությունից արթնանալուց հետո չի զգում այն մեծ վատ իրադարձությունը, որը կատարվել է իր կյանքում, որովհետեւ կնոջ համար կրծքի կորուստը ամենամեծ սթրեսն է: Ընդամենը վեց ամիս հետո կուրծքն ամբողջությամբ կատարյալ տեսք է ունենում: Էքսպանդերը փուչիկանման բան է, որը տեղադրվելով կրծքագեղձում նպաստում է կրծքագեղձի լավացմանը, մաշկի ամբողջացմանը: Գիտենք, որ կրծքի, մազերի եւ եղունգների կորուստը մեծագույն սթրեսն է կնոջ համար: Գիտենք նաեւ, որ քաղցկեղով հիվանդ կանայք, քիմիոթերապիայի արդյունքում կորցնում են դրանք:
-Իսկ ի՞նչ անել, որ այդ աստիճան վատ վիճակում չհայտնվի կնոջ առոջական վիճակը:
-Մենք պարզապես պարտավոր ենք տարին մեկ անգամ այցելել բժշկի ու կանխարգելել հիվանդությունները: Օրերս, մեզ մի կին էր այցելել, ով մեր կենտրոն էր եկել մոտ չորս տարի առաջ, ու դրանից հետո մոռացել էր մամոգրաֆիայի մասին, որովհետեւ մենք նրան ասել էինք, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Հիվանդը պարզապես մոռացել էր այն խորհուրդը, որը մենք իրեն տվել էինք՝ տարին մեկ անգամ այցելել բժշկին: Ցավոք սրտի, չհետեւելով բժշկի խորհրդին, չորս տարի անց նա եկել էր արդեն քաղցկեղով: Դա սկզբնական փուլն էր ու մենք կարողացանք օգնել իրեն, հույս ունենանք, որ ամեն ինչ լավ է լինելու: Մենք պարզապես պարտավոր ենք տարին մեկ անգամ հիշելու մամոգրաֆիկ ծառայության մասին, արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման թեստի մասին: Ներկայումս մեր կենտրոնում տեղ գտած եռաչափ թվայնացված մամոգրաֆները հնարավորություն են տալիս շատ ավելի մանրակրկիտ ու շերտավոր նայել կուրծքը, անգամ ամենափոքր փոփոխությունը մենք տեսնում ենք այդ սարքի միջոցով: Երբեմն մենք տալիս ենք ախտորոշում,սկայան այցելուն նաեւ գնում է մեկ այլ բժշկի մոտ, ով չունենալով համապատասխան սարքավորումներ, ասում է ամեն ինչ կարգին է, եւ հետո մարդիկ կանգնում են փաստի առաջ: Այցելուն էլ, շատ հաճախ հավատում է <լավ խոսքին>:
-Քանի որ Հայ-Ամերիկայն առողջության կենտրոնը հստակ իր վարկանիշն ու տեղն ունի առողջապահության ոլորոտւմ, շատ հաճախ այցելուն կարող է շփոթության մեջ ընկնել, որ այս կենտրոն այցելելը իր համար կարող է շատ <թանկ հաճույք> արժենալ: Թեեւ որքանով որ տեղյակ ենք կենտրոնում իրականում կա որակի ու գնի համադրություն, եթե չասենք, որ այլ կենտրոններում ֆանտաստիկ գնացուցակներ են գործում: Բոլոր դեպքերում, մի փոքր խոսենք նաեւ գնային քաղաքականության վերաբերյալ:
-Գները խելքին մոտ են ու ցիվիլ, պատճառն էլ այն է, որ մեր հիմնադիրներն իրենց առջեւ նպատակ են դրել եւ հետամուտ են լինում դրա իրականացմանը, որպեսզի առողջացնեն հասարակությունը, իսկ հասարակությունն առողջ է ու հզոր` առողջ կանանցով: Հենց սա էր պատճառը, որ իրենք սահմանեցին մի գին, որը տարին մեկ անգամ բուժզզնություն անցնող կնոջ համար ֆինանսական մեծ ճեղքվածքի պատճառ չի դառնա: Մենք ունենք նաեւ անվճար հետազոտությունների համակարգ, որից օգտնվում են հաշմանդամության կարգ ունեցողները, բազմազավակ մայրերը, պատերազմում զոհվածների ընտանիքի կանայք եւ առհասարակ այն կանայք, ովքեր կարիքավոր են` օգնում եւ ընդառաջում ենք:
-Տիկին Հակոբյան, իսկ եղե՞լ են դեպքեր, երբ Ձեր կենտրոն են դիմել անկարող կանայք, որոնց այս կամ այն պատճառով չեք կարողացել օգնել:
-Ես չեմ հիշում մի դեպք, որ մեզ դիմեն ու մենք մերժենք: Մենք աշխատում ենք 16 տարի եւ այդ տարիների ընթացքում մի դեպք անգամ չեմ հիշում, որ մեր կենտրոնի մասին մեկը չարախոսի, սակայն այն օրը, երբ բացեցինք վիրահատական ծառայությունը, շատ մարդիկ ի զարմանս ինձ, նախանձախնդրորեն մոտեցան այս ձեռքբերմանը: Ես չէի էլ մտածում, որ ում հետ բարեկամական ու սերտ կապերի մեջ ենք եղել ու միասին ու ուս-ուսի տված մարդկային կյանքեր ենք փրկել, այսօր կարող են վատաբանել մեր կենտրոնը: Ասեմ ձեզ, որ նման վերաբերմունքից մեր կենտրոնը միայն շահում է, սակայն տուժում է մարդը, որովհետեւ շատ հաճախ լիում է այնպես, որ իրենք մարդուն ապակողմնորոշում են միայն նրա համար, որ մեզ վրա ցեխ շպրտեն: Կարծում եմ, որ քար շպրտում են բերքատու ծառին, ես համարում եմ, որ այդ քարերը վերջում դառնում են պտուղներ եւ մեր կենտրոնի անունը շոշափվում է շատ ավելի բարձր մակարդակով: Լինում են իհարկե դեպքեր, որ մարդիկ դժգոհում են, սակայն նրանք այդ քայլին են գնում մեկ այլ բժշկի հրահրմամբ: Վերադառնալով կրկին անվճար հետազոտություններին, նշեմ նաեւ, որ պետությունը մեզ չի աջակցում. մենք մարդկանց օգնում ենք սեփական միջոցների հաշվին: Այսօրվա դրությամբ կան բազմաթիվ հիվանդանոցներ, որտեղ տեղադրված են ոչ թվայնացված մամոգրաֆներ, եւ այդ պարագայում նրանք պարտավոր են մարդկանց օգնելու, որովհետեւ պետությունը նրանց դրա համար գումար է տրամադրում: Մենք որեւէ պարտավորվածություն չունենք, պարզապես օգնում ենք մեր կամքի թելադրանքով, հանգիստ խղճով ապրելու համար:
-Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնը իր հիմնադրման առաջին իսկ օրվանից առավել հայտնի էր որպես կրծքագեղձի բուժման մասնագիտացված կենտրոն` առաջինն իր եզակիությամբ, կադրերով ու մոտեցումներով: Սակայն հետագայում կենտրոնը ընդլայնեց իր բժշկական ծառայությունների ցանկը`առաջարկելով նոր համալիր ծառայություններ:
-Երբ բժշկական կենտրոնը հիմնադրվել էր, այստեղ ընդամենը մեկ սարք կար. ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել անգամ, որ այս գործընթացը կունենա ձնագնդիի էֆեկտ ու մենք կհասնենք այսքան մեծ արդյունքների: Ովքեր, որ հիմնադրեցին կենտրոնը՝ տիկին Հակոբյանն ու տիկին Պալյանը, միայն միտք ունեին հայ կնոջը կրթելու, դաստիարակելու, սովորեցնելու, որ նա պարտավոր է տարին մեկ անգամ հետազոտություն անցնելու: Երբ մենք տեսանք, որ արդյունքների ենք հասնում, հասկացանք որ անհրաժեշտություն կա նաեւ գինեկոլոգիական բաժանմունքը բացելը, որտեղ կիրականացվի արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը: Ժամանակի ընթացքում այդ բաժանմնունքն աճեց, մեծացավ: Մենք ներկայումս նոր բժիշկներ ենք ընդունել աշխատանքի, ովքեր մարդկանց հետ աշխատում են նաեւ օնկոլոգիական ծառայություն ապահովվելով, ունենք նաեւ նորածինների մի ստվար բանակ եւ արդեն ունենք 123 թոռնիկ: Այն կանայք, կամ տղամարդիկ, ովքեր ունեցել են խնդիրներ անպտղության հետ կապված, մեր կենտրոնում բուժման կուրս անցնելուց հետո այդ խնդիրները լուծել են: Մենք հաջողություններ կարողանում ենք ապահովվել: Կուզենայի նաեւ նշել, որ գինեկոլոգիական ծառայություններին զուգահեռ, ստեղծեցինք նաեւ դենսիդոմետրիկ բաժանմունք, եւ այս այստեղ նույնպես, էլի ծիծեռնակի դերում ենք: Մինչ մեզ մոտ իրականացնելը, այդ ծառայությունը չկար Հայաստանում, եւ չէր կատարվում օստիոպորոզ հիվանդության կանխարգելումը: Իսկ օստիոպորոզը` քաղցկեղից թեթեւ հիվանդություն չէ:
Ավելացնեմ նաեւ, որ Հայ-Ամերիկյան կենտրոնում նունքան հետեւողականությամբ եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան գործում է նաեւ մեր ատամնաբուժարանը, ուր իրականացնում ենք լուրջ ծառայություններ, բավական լավ սարքավորումներ ունենք, եւ որ ամենակարեւորն է, մեզ մոտ տիրում է բացարձակ ստերիլություն: Երբ հաշվարկներ ենք անում, տեսնում ենք, որ 100 տոկոսվ վնասով ենք աշխատում եւ՛ վիրահատարանում, եւ՛ ատամնաբուժարանում, որովհետեւ ապահովում ենք բացարձակ ստերիլություն:
-Իսկ հնարավո՞ր է առաջիկայում կենտրում ստեղծվեն նոր բաժանմունքներ եւս:
-Այո, հնարավոր է: Ես անընդհատ պրպտումների մեջ եմ, ինձանից մի քանի անգամ ավելի շատ տիկին Ռիտան է փնտրտուքների մեջ, ով ԱՄՆ-ում մտածում եւ փնտրում է այն միջոցները, որոնք օգուտ կբերեն հայ ժողովրդին: Երբ ինչ-որ նոր բան է գտնում, զանգահարում է, խորհրդակցում ենք ու որոշում ենք արդյոք տվյալ սարքավորումը Հայաստանում կիրառելի կլինի, թե ոչ: Ներկայումս մտածում ենք լազերային մի սարքի մասին, որը նորածին երեխաների վրա բնածին հետքերը վերացնում է: Նման դեֆեկտով երեխաներ շատ չեն ծնվում, սակայն դա չի վերանում կյանքի ընթացքում: Հայաստանում նման խնդրով կարող է ծնվեն մոտավոր 50 երեխա եւ հենց այդ երեխաների համար մենք դա իրականացնելու ենք: Շատ շուտով մեր կենտրոնը համալրվելու է վերջին սերնդի նոր սարքավորումներով: Ունենալու ենք համակարգչային տոմոգրաֆիա եւ թվայնացված ռենգեն սարքավորում: Սարքերը բավական նոր են, իսկ լավ մասնագետներ մեր կենտրոնն ունի:
Զրույցը` Ս. Սարգսյանի
