Հատուկ ծառայությունները թող բարձրանան երկինք, իջնեն գետնին, բայց պետք է բացահայտեն այս ոտնձգությունները
1in.am-ը գրում. Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի հավատում, որ վերջին օրերի բռնություններն իշխանության ձեռքի գործն են։
Ըստ նրա՝ չի լինում այդպես, որ մի 20-25 օրում նախ 5 ավտոմեքենա վառեն, հետո «Նախախորհրդարանի» ակտիվիստի ծեծեն, հետո 2 ազատամարտիկի քաշքշեն, այնուհետև ազատամարտիկի ծեծեն, հետո ԱԺ պատգամավորի վրա հարձակում կատարեն, իսկ հաջորդ օրն էլ կրկին ընդդիմադիր գործչի ծեծեն։
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ իսկ ո՞ւմ կարող է ձեռնտու լինել նման իրավիճակը և ինչի՞ կարող է հանգեցնել, մեր զրուցակիցը նշեց, որ չի կարող ասել՝ ում կարող է ձեռնտու լինել, դրանով պետք է զբաղվեն մասնագետները: «Ինչից չեմ հասկանում, ես դրա մասին չեմ խոսում»,- հավելեց նա:
Արդյոք կարո՞ղ էր այս իրավիճակը ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին՝ հարցին քաղտեխնոլոգը պատասխանեց, որ նախ՝ ավելի ծանր նախընտրական ժամանակներ են եղել, երկրորդ` շատ ավելի լուրջ վիրավորանքներ են ասել իշխանությունների հասցեին, սակայն այդ ամենին որևէ հակազդեցություն չի տեսել, համենայնդեպս՝ վերջին յոթ տարիներին: «Ինչ ասես՝ ասվել է և հիմա էլ ասում են: Երբեք նման բան չէր եղել, և միանգամից քսան օրվա մեջ՝ շղթայական բռնություններ. դրա համար ինձ մոտ կասկած է առաջանում»,- ավելացրեց Կարեն Քոչարյանը:
Արդյոք հնարավո՞ր է այս ամենը պայմանավորված լինել ներիշխանական խմորումներով՝ մի թևը ցանկանա մյուսին վնասել: Այս առումով, սակայն, քաղտեխնոլոգի կարծիքն այն է, որ պետք է սպասել մասնագետներին, այդ թվում՝ ոստիկանությանը և ՀՔԾ-ին:
Եթե այս իրավիճակը շարունակվի, քաղտեխնոլոգի համոզմամբ՝ կհանգեցնի պրոբլեմների, իսկ թե որքան մեծ՝ ժամանակը ցույց կտա:
«Համենայնդեպս՝ որ սա պետք է բացահայտվի, երկրորդ կարծիք լինել չի կարող: Հատուկ ծառայությունները թող բարձրանան երկինք, իջնեն գետնին, բայց պետք է բացահայտեն»,- ավելացրեց նա:
Դիտարկմանը, որ սլաքը պետք է ուղղել ոչ թե ոստիկանապետի, այլ Սերժ Սարգսյանի ուղղությամբ, քաղտեխնոլոգը նշեց, որ բոլորն իրենց չափով պատասխանատու են՝ սկսած նախագահից, վերջացրած նրանցով, ովքեր այդ ոլորտի համար պատասխանատու են:
