Հայ մարզիկները նշանավորվել են 2 ռեկորդ սահմանելով եւ 3 ոսկե մեդալի նվաճումով
Հունգարիայի Էգեր քաղաքում ավարտվեց սեպտեմբերի 22-29 կայացած պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 32 երկիր: Առաջնությունում բավականին հաջող են ելույթ ունեցել մեր մարզիկները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացնում էին միջազգային կարգի սպորտի վարպետներ` քաջարանցի Սեւակ Մանուկյանը (67, 5 կգ քաշային կարգ), էջմիածնեցի` Սերգեյ Ասատուրովը (75 կգ) եւ ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Գագիկ Սարոյանը: Մեր մարզիկների մասնակցությունը նշանավորվել է 2 ռեկորդ սահմանելով եւ 3 ոսկե մեդալի նվաճումով: Սեւակ Մանուկյանն Էգերում նվաճել է 2 ոսկե մեդալ եւ սահմանել աշխարհի ռեկորդ` պառկած-սեղմում վարժությունում բարձրացնելով 160 կգ ծանրաձողը: Ի դեպ, այս ցուցանիշով նա գերազանցել է նախօրեին իր իսկ սահմանած ռեկորդը` 157,5 կգ: Նույն վարժությունում Սերգեյ Ասատուրովը բարձրացրել է 167,5 կգ ու դարձել աշխարհի չեմպիոն: Սեւակն ուժային եռամարտում` կքանիստ, պառկած-սեղմում, եւ ձգում վարժություններում` հաղթահարելով համապատասխանաբար 200կգ, 160 կգ եւ 200կգ ծանրաձողը հավաքեց 560 կգ եւ գրավեց առաջին տեղը: