Հայաստանի օլիգարխները և խոշոր գործարարները երեկ հավաքվել էին նախագահականում.
Ժողովուրդ թերթը գրում է. Հայաստանի օլիգարխները եւ խոշոր գործարարները երեկ հավաքվել էին նախագահականում: Սերժ Սարգսյանը նրանց հրավիրել էր ամենամյա ամանորյա ընդունելությանը: Եթե փորձենք Հայաստանի ախտանիշը հակիրճ ձեւակերպել` հասկանալու համար, թե ինչու է մեր տնտեսությունը նման ողբերգական վիճակում, ինչու են մարդիկ փախչում իրենց հայրենիքից, ապա պիտի ասենք, որ այդ հիվանդությունն ամբողջությամբ ինքնադրսեւորվում է համանման ընդունելությունների ժամանակ: Երբ որպես գործարար միջոցառմանը մասնակցում են մարդիկ, ովքեր ՀՀ Սահմանադրությամբ իրավունք չունեն ձեռներեցությամբ զբաղվելու: Այս հակասահմանադրական իրողության դրսեւորումներից է «գործարար-պատգամավոր» արտահայտությունը, որը լայն կիրառություն է ստացել, չնայած, որ այն Սահմանադրության կոպտագույն խախտման մասին է փաստում: Մեր երկրի մայր օրենքում սեւով սպիտակի վրա գրված է, որ գործարար եւ պատգամավոր, գործարար եւ նախարար, գործարար եւ վարչապետ, գործարար եւ նախագահ բառերը միասին չեն կարող օգտագործվել: Հայաստանի խնդիրները մեր կյանքի անբաժանելի մաս կազմող այս երեւույթի գոյությամբ են պայմանավորված: Մի երկիր, որտեղ երկրի խորհրդարանի երկու ամենամեծ խմբակցությունների (ՀՀԿ եւ ԲՀԿ) կեսից ավելին խոշոր գործարարներ են, որոնք օրվա մի կեսը պատգամավոր են, մյուսին՝ գործարար, որտեղ վարչապետն ավելի շուտ գործարար է, քան պետական պաշտոնյա, չի կարող զարգացող տնտեսություն ունենալ:
