«Հայաստանի պատվիրակությունը պետք է ամեն ինչ անի արժանի բարձրության վրա մնալու համար». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը։ Ռուսական պատվիրակությունը եթե ոչ վաղը ապա հաստատապես մյուս օրը, կամ ամենաուշը չորեքշաբթի կմասնակցի նստաշրջանի աշխատանքին։ Կասկած չունեմ, որ արտաքին քաղաքական համատեքստ ունեցող վրացական ներքաղաքական ճգնաժամը դառնալու է այս նստաշրջանի կարևոր թեմաներից մեկը և մեր՝ Հայաստանի պատվիրակությունը պետք է ամեն ինչ անի արժանի բարձրության վրա մնալու համար։
Վրաստանը մեզ համար չափազանց կարևոր հարևան է։ Վրաստանը մեր միակ հնարավորությունն ու ցամաքային ճանապարհն ու դուռն է դեպի Ռուսաստան և դեպի Արևմուտք։ Վրաստանի այդ բաց դուռը Հայաստանի և Արցախի անվտանգության համար կենսական արժեք ունի։
Միևնույն ժամանակ Ռուսաստանը Հայաստանի համար չափազանց էական դաշնակից է, որի հետ մեր երկրի ինքնիշխանության վրա խարսխված հարաբերությունների պահպանումն ու խորացումը Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության առաջնահերթություններից է։
Ուզում եմ հավատալ, որ ԵԽԽՎ-ում իմ խորհրդարանական գործընկերները արժանապատվորեն կկատարեն իրենց առաքելությունը՝ Հայաստանի կարևորությունը հավասարապես կզգան ու կկարևորեն և եղբայր վրացիները և բարեկամ ռուսները»: