Հայաստանի քաղաքական համակարգը վերածվել է սուպերլիդերների համակարգի. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը քաղաքական քաղաքական նոր ընդդիմության անհրաժեշտության կարիք է տեսնում: Այս մասին նա ասաց «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ իր ելույթում:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց կոմպրոմիսի հասնելը, ինչը չի նշանակում կապիտուլյացիա: «Մենք ասում ենք ցանկացած հարց, գաղափար ենթակա է քննարկման»,- ասաց նա և նկատեց, որ քաղաքական դաշտում շատերն իրենց յուրաքանչյուր ասածը համարում են վերջնական և անբեկանելի:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի քաղաքական համակարգը հասել է այն աստիճանի, որ վերածվել է սուպերլիդերների համակարգի, որոնք կայացնում են որոշումներ, ոչ թե քննարկում, իսկ մյուսները ենթարկվում են այդ որոշումներին: Ըստ նրա՝ եթե քաղաքական դաշտում բոլոր սուբյեկտները գործեն հռչակած այդ դիրքորոշումների հիման վրա, ապա նոր հարթակի ձևավորումը չափազանց դժվար կլինի, եթե ոչ՝ անհնար:
