Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր մտահոգությունները արտահայտում է ու ասում է. Սեյրան Օհանյան
Այսօր ԱԺ-ում լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Ադրբեջանի կողմից սպառազինությունների ծավալների մեծացման ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Սեյրան Օհանյանը նշեց. «Այն, ինչ կատարվում է մեր հարևանների մոտ, անկասկած, գտնվում է մեր վերահսկողության ներքո: Չգիտեմ՝ որքանով է Ադրբեջանը ավելացրել իր կարողությունները սպառազինության և ռամական տեխնիկայի քանակական առավելությունների մասով, այդ սպառազինությունները նա դեռ պետք է կարողանա կիրառել :Անկասկած, քանակական տվյալները մեզ մտահոգում են, բայց մենք տեղեկություններ ունենք, որ այդ սպառազինությունը կարգի բերելու համար որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի անձնակազմի կողմից յուրացվեն: Բազմաթիվ անգամ ենք ասել, որ յուրաքանչյուր երկրի կողմից մեր հարևաններին վաճառվող սպառազինությունը մեզ մտահոգում է, բայց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հենց այնպես տեղում չի նստում, այլ իր մտահոգությունները արտահայտում է ու ասում է»: Այն հարցին, թե արդյոք՞ ԵՏՄ-ն ավելի կամ պակաս անվտանգ դարձրեց Հայաստանի սահմանները, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ադրբեջանը լարվածություն առաջացնելով շփման գծում մի քանի խնդիր է լուծում՝ քաղաքական, տնտեսական, նաև կապված Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումների հետ: Միանգամից ասել, որ ԵՏՄ մտնելով կլուծվեն մեր անվտանգության հարցերը, դա չի կարելի, բայց, մյուս կողմից, չանդամակցելն ու համապատասխան համագործակցություն չունենալը մեր ռազմավարական դաշնակցի հետ, որը հանդիսանում է նաև մեր անվտանգության երաշխավորներից մեկը ՝ հատկապես Թուրքիայի մասով , դա նշանակում է՝ չմտածել ապագայի մասին»:
