Հայաստանի ռուսական ռազմակայանի հոսպիտալում կհետազոտեն ու կպատվաստեն 3000 նորակոչիկների
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների փոխարինման շրջանում 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման մասնագետները կհետազոտեն ավելի քան 3 հազար նորակոչիկների և մասնագետների, որոնք ընդունվել են Ռուսաստանի զորամասերից և ուսումնական կենտրոններից: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Բժշկական հետազոտության անցկացման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նոր ժամանած զինվորների և սերժանտների շնչուղիների զննությանը, Էլեկտրասրտագրության վերլուծությանը, հոգեկան կայունության և մաշկածածկույթի վիճակի ստուգմանը: Ներկայում Անդրկովկասի զորամիավորման հոսպիտալի բժիշկները զննել են շուրջ 500 զինծառայողների, որոնք ադապտացման շրջան են անցնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական ռազմակայանում զինծառայողների շրջափոխման ավարտից հետո Գյումրիի զինվորական հոսպիտալի բժիշկները ավելի քան 3 հազար զինծառայողների պատվաստում կկատարեն գրիպի, կարմրախտի, հեպատիտ A-ի, պնևմոկոկային վարակի և ջրծաղիկի դեմ:
