ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԹՈՒԼԱՑՐԵԼ ԵՆ
«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով գերիների աղմկահարույց թեմային, «Արաբո» ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց.
- Գիտեք, ես չեմ ուզում որեւէ մեկին քննադատեմ, դատապարտեմ, բայց գերիներին հերոսացնելուն էլ կողմ չեմ: Որովհետեւ, ինքս տեսել եմ պատերազմի դաժանությունները, մահը աչքիս առաջով անցել է բազմաթիվ անգամներ, մենք էլ ենք ունեցել օրեր, երբ թվում էր` վերջ: Բայց ես իմ սեփական փորձից կասեմ` ոչ մի պատվախնդիր տղամարդ գերի չէր ընկնի՝ զենքը ձեռքին, փամփուշտներով լիցքավորված ավտոմատը ուսին (հատկապես նկատի ունեմ Խծաբերդի 62 գերեվարվածներին, եթե իհարկե, ներկայացված հայտնի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը): Դա իրենք են, չէ՞ իրենց ցուցմունքներում ասել, ես չեմ ասում: Իհարկե, դատապարտել պետք չէ այդ մարդկանց, բայց արդարացում էլ չկա: Այո՛, օգնենք, բերենք Հայաստան, համաձայն եմ երկու ձեռքով, բայց նրանց պետք չէ անգամ ի ցույց դնել հանրությանը: Գերությունից եկած մարդը պետք է ամոթով նայի հասարակությանը, բացառությամբ այն գերիների, որոնք վիրավոր կամ անգիտակից վիճակում են հայտնվել թշնամու ձեռքերում: Ի՞նչ է նշանակում, ինչպես Խծաբերդի դեպքում, որ 60 տղամարդ գերեվարվեն 4 ազերու: Էլ ինչի՞ էիք գնում ռազմաճակատ, ա՛յ տղերք, Ձեր կանանց զարմացնելու համա՞ր էիք գնում եւ ոչ թե թշնամու դեմ կռիվ տալու: Բա հայ տղամարդիկ վաթսուն հոգով չորս ազերու կհանձնվե՞ն, էս ո՞ւր ենք հասել: Ես գետինն եմ մտնում, որ սենց բաներ եմ լսում, ո՞ւր մնաց մեր հայի նամուսը: Ես խոսում եմ էս դեպքում բացառապես Խծաբերդի գերիների մասին, որոնք փաստացի խոստովանել են, որ ինչ խայտառակ կերպով են թշնամուն հանձնվել: Ոնց պաշտպանեմ ես իրենց, նրանց պետք է թաքուն պահել ոչ միայն Հայաստանում, այլ այնպես անել, որ առհասարակ հայ ժողովրդի պատմության էջերում հանկարծ չհայտնվեն:
- Պարոն Եղիազարյան, բայց մենք ունենք 18-20 տարեկան տղաներ, որոնք դեռ հայտնի չէ, թե ինչ պայմաններում են գերեվարվել:
- Այո, ես դրա համար եմ ասում, որ խոսքս այս պահին վերաբերվում է բացառապես Խծաբերդի գերիներին, որոնք հանձնվել են թշնամուն: Ա՛յ բալա, սա խայտառակության գագաթնակետն է: Այո, մենք չգիտենք, թե ինչ պայմաններում են, օրինակ, գերի ընկել Իշխանասարի տղաները, որոնց, ըստ լուրերի, չկրակելու հրաման է եղել: Մենք չգիտենք՝ տղաներին դավաճանե՞լ են, թե պարզապես չեն կռվել: Առաջին պատերազմում (նաեւ քառօրյա եւ 44-օրյա) մենք էլ էինք կռվում, ավելի դաժան կենաց-մահու պայքար էր, բայց մենք մեր առաջ նպատակ ունեինք՝ պաշտպանել հայրենի հողը: Իսկ հիմա, հիմա չգիտեմ ինչ են մտածել էս տղերքը: Դրա համար էլ թուրքը հասել է հայրենի հող:
- Ի դեպ, բավականին լուրջ քաղաքական գործիչներ, վերլուծելով իրավիճակը, չեն բացառում, որ թշնամին մինչեւ տարեվերջ նոր սադրանքների կգնա: Որպես հմուտ զինվորական՝ Դուք նման կանխատեսում ունե՞ք:
- Ամեն վայրկյան էլ թշնամին կարող է ներս մտնել: Քանի գողերն ու թալանչիները էս երկրում ազատ ման են գալիս, քանի վախկոտ ղեկավարներ ունենք, թշնամին ցանկացած պահի կարող է Հայաստանի վրա հարձակվել, ավերել, նվաստացնել հայ ժողովրդին: Բա ինչ անի թշնամին, երբ Հայաստանի սահմանները դիտավորյալ, այո, չեմ վախենա ասել` միտումնավոր կերպով թուլացրել են: Պետք է բանակը կարգի բերեին, ոչ թե մեծ-մեծ խոսեին:
Մանրամասները՝Iravunk.com-ի զրույցում:
