Հայաստանի տնտեսական ազատության անկումը շարունակվում ու ակտիվանում է
The Heritage Foundation-ի և Wall Street Journal պարբերականի համատեղ «Տնտեսության ազատության ինդեքս 2015» ամենամյա զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսական ազատության մակարդակն այս տարի ևս նվազել է, ընդ որում՝ անկումն այս անգամ ամենակտրուկն է եղել 2008-ից ի վեր:
Դիտարկված 178 երկրների շարքում Հայաստանն այս տարի իր տենտեսության ազատության ցուցանիշով 52-րդն է, մինչդեռ 2014-ին 41-րդ տեղում էր:
Նման անկումը զեկույցի հեղինակները մեկնաբանում են հատկապես սեփականության իրավունքի, աշխատանքի ազատության և ֆինանսավարկային ազատությունների բնագավառներում գրանցված անկմամբ:
«Նվազումն արձանագրվել է ազատությունները բնութագրող 10 չափորոշիչներից 6-ում, հատկապես՝ աշխատանքի ազատության, կոռուպցիայի հաղթահարման և դրամավարկային ազատության բնագավառներում»,- ասված է զեկույցում:
Հարկ է նշել, որ 2008 թվականից ի վեր մեր երկիրը տնտեսության ազատության ցուցանիշով վատթարացրել է իր դիրքերը 24 կետով` 28-րդ հորիզոնականից հասնելով 52-րդը:
Ի դեպ, զեկույցի հեղինակները թերացումները նշելուց զատ նաև խորհուրդ են տալիս այս իրավիճակից երկիրը դուրս բերելու համար:
«Առաջընթացի և երկարաժամկետ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ են մշտական ջանքեր՝ հատկապես դատական իշխանության անկախության ամրապնդման և կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ»,- ասված է զեկույցում:
