Հայաստանի տրանսպորտի «մաֆիան» որոշել է Երևանի բնակչությանը հերթական հարվածը հասցնել.
«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայաստանի տրանսպորտի «մաֆիան» որոշել է Երեւանի բնակչությանը հերթական հարվածը հասցնել: Այդ «մաֆիայի» շահերը սպասարկող Երեւանի քաղաքապետարանն այս տարվա սկզբին շահագործումից հանեց թվով վեց ավտոբուսային երթուղիներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը եւ տրանսպորտի «մաֆիան» որոշել են այս գործում ավելի առաջ գնալ եւ առաջիկայում մայրաքաղաքի տրանսպորտը կրճատել 50 տոկոսով: Պաշտոնական պատճառաբանության համաձայն՝ կվերացվեն կրկնվող երթուղիները, որպեսզի մնացած երթուղիները ողջ ծանրաբեռնվածությամբ գործեն: Սակայն այս ծրագրի իրական նպատակը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին ստիպելն է, որ նրանք քաղաքի մի ծայրից մյուսը գնալուց օգտվեն առնվազն երկու տրանսպորտից: Այսինքն՝ տրանսպորտի «մաֆիան» այս կերպ է փորձելու լուծել իր եկամուտների ավելացման խնդիրը՝ չբարձրացնելով 100 դրամ ուղեվարձը: Այլ կերպ ասած՝ տրանսպորտի «մաֆիան» եւ Երեւանի քաղաքապետարանը չհայտարարված պատերազմ են սկսել մայրաքաղաքի բնակչության դեմ:
