Հայաստանում գինու և օղու արտադրությունն ավելացել է, շամպայնինը՝ նվազել. ԱՎԾ
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 3 մլն 352.9 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 29.2%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` 2014թ.-ին նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 4 մլն 737.2 հազար լիտր կոնյակ:
Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա չորս ամիսներին ավելացել է գինու և օղու արտադրությունը: Մասնավորապես, հանրապետությունում հունվար-ապրիլին արտադրվել է 3 մլն 281.6 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի աճել է 15.9%-ով: Ինչ վերաբերում է գինու արտադրությանը, ապա նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն ավելացել է 17,1%-ով` կազմելով 1 մլն 820 հազար լիտր:
Նշենք, ոչ Հայաստանում արտադրվում է նաև վիսկի: Այս տարվա հունվար-ապրիլին մեր երկրում արտադրվել է 187.2 հազար լիտր վիսկի:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալները կրճատվել են 7,4%-ով` կազմելով 85.1 հազար լիտր:
Նշված ժամանակահատվածում նվազել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում հունվար-ապրիլի արտադրվել է 4 մլն 474.8 հազար լիտր գարեջուր` 2014թ-ի համեմատ նվազելով 16.4 %-ով:
ԱՎԾ-ի տվյալներով` հանրապետությունում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2015-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ աճել է 16.8%-ով` կազմելով 9 մլն 175.7 հազար լիտր:
Տեղեկացնենք, որ այս տարվա չորս ամիսներին Հայաստանում նվազել են նաև բնական հյութերի արտադրության ծավալները: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկրում արտադրվել է 4 մլն 657.2 հազ. լիտր բնական հյութ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 21.9%-ով:
