Հայաստանում նոր օտարերկրյա ավիափոխադրողներ կլինեն
«Ամենախրթին խնդիրներն առկա են հենց էկոնոմիկայի նախարարությունում»,- խորհրդարանում 2013թ. պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասել է ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: «Դուք խոսեցիք օդի ազատականացումից. այդտեղից բխում է, որ օդը ազատականացված չէր: Արդյոք հիմա գտնո՞ւմ եք, որ օդն ազատականացված է»,–անդրադառնալով բաց երկնքի քաղաքականությանը՝ հարցրեց պատգամավորը: Պատասխանելով հարցին՝ նախարարը նշել է, որ բաց երկնքի քաղաքականության մասին հայտարարվել է դեռ անցյալ տարի: «Այո, ազատականացված է, և կնքվել է արդեն մի քանի նոր պայմանագիր. օրինակ՝ վերջերս Իրանի հետ, իսկ Իրաքի ներկայացուցիչն էլ պետք է գա մեր երկիր՝ բանակցությունների», – նշել է նա, հավելելով, որ այս ամենը ավիափոխադրումների մոտ 20-25 տոկոս աճ կնախատեսի, և օտարերկրա ավիաընկերությունների հանդեպ հետաքրքրությունը նույնպես կմեծանա:
