Հայաստանում ընտանյոք հանդերձ են բարձր պաշտոններ զբաղեցնում
Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Գագիկ Գեւորգյանի եղբայրն է: Մեր տեղեկություններով՝ Արմեն Գեւորգյանը կարիերան սկսել է որպես բետոնագործ, այնուհետեւ շախմատի խմբակ է ղեկավարել, իսկ հետո եղբայրը նրան դարձրել է վիճակագրության, Պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ: Այդպես սկսվել է նրա հաջողակ, սրընթաց կարիերան պետական համակարգում:
Ռեգիստրը վիճակագրությունից անցել է արդարադատության նախարարության ենթակայության ներքո, սակայն դրանից ոչինչ չի փոխվել Գեւորգյանների կյանքում, իսկ եթե փոխվել է, ապա՝ միայն դեպի լավը: Արդեն ԱՆ-ում գտնվող Պետռեգիստրի տարբեր տարածքային բաժիններում՝ Շենգավիթ, Մյասնիկյան, Նորք-Մարաշ, Արմեն Գեւորգյանը շարունակել է պաշտոնավարել որպես պետ, իսկ հետո նշանակվել է Պետռեգիստրի գործակալության պետի պաշտոնին: Գագիկ Գեւորգյանը միայն եղբորը չի օգնել, քրոջ ամուսնուն՝ Սերգեյ Մելիքսեթյանին էլ ժամանակին դարձրել է Արաբկիրի ռեգիստրի պետ, սակայն այժմ ռեգիստրը մայրաքաղաքում տարածքային բաժիններ չունի, այդ պատճառով գուցե ընտանիքում գործազուրկներ լինեն:
Գագիկ Գեւորգյանի որդին էլ՝ Վարդան Գեւորգյանը, ով ընդամենը 33 տարեկան է, Վերահսկիչ պալատում առաջին վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում: ԱՎԾ խորհրդի անդամը որդու համար եւս ճանապարհ է հարթել․ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, այնուհետեւ ասպիրանտուրան ավարտած Վարդան Գեւորգյանը, որպես առաջատար մասնագետ, աշխատանքի է անցել հոր մոտ՝ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչությունում: Գագիկ Գեւորգյանը ժամանակին ղեկավարել է այդ վարչությունը: 2008թ․-ից Վարդան Գեւորգյանն սկսել է աշխատել Վերահսկիչ պալատում՝ սկզբում որպես գլխավոր մասնագետ, հետո՝ վարչության պետի տեղակալ եւ 2012 թվականի դեկտեմբերին նշանակվել է առաջին վարչության պետ: Հենց այսպես է լինում, երբ պետական պաշտոնները բաժանվում են ընտանեկան սկզբունքով, իսկ ուսյալ մասնագետները, աշխատանք չգտնելով Հայաստանում, բռնում են արտագաղթի ճանապարհը:
Մանրամասները կարդացեք Հրապարակ թերթի այսօրվա համարում:
