Հայաստանն ու Ուրուգվայը կխորացնեն համագործակցությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի հայազգի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վՎարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայն ունեն քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակ, մասնավորապես, կարեւորելով Ուրուգվայի կողմից՝ աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ դատապարտելու փաստը: «Ուրախ ենք, որ մեր հայրենակցուհին բարձր պաշտոն է զբաղեցնում մեր բարեկամ երկրում եւ լիահույս, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար: Սպորտի բնագավառում ունենք բավական լավ ավանդույթներ, իսկ զբոսաշրջության բնագավառում՝ դեռեւս չիրացված մեծ ներուժ: Ձեր այցը հնարավորություն կտա բացահայտել համագործակցության նոր ուղղություններ եւ գործիքներ, որոնք կխթանեն նշված ոլորտներում կապերի ընդլայնումը», - ողջույնի խոսքում ասել է Տիգրան Սարգսյանը: Հյուրը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կիսվել տպավորություններով Հայաստան այցի վերաբերյալ: Իրենց հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ՀՀ վարչապետին են ներկայացրել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի նախարարի հետ հանդիպումների արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանն ու Լիլիամ Քեշիշյանը քննարկել են սպորտի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները եւ փորձի փոխանակման հնարավորությունները, կարեւորել երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Կողմերը բարձր են գնահատել Ուրուգվայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: ՀՀ կառավարության ղեկավարը տիկին Քեշիշյանի միջոցով ջերմ ողջույններ է փոխանցել Ուրուգվայի ղեկավարությանը: Հանդիպմանը հաջորդել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետու¬թյան կառավարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցու¬թյան մասին» համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարության կողմից՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը:
