«Հայաստանը Եվրոպան է, որտեղ հաջող գործելու պարագայում…»
«Անհապաղ ընդունեցի Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկը: Դա հնարավորություն էր խաղալու հավաքականի մակարդակով, խաղադաշտում պայքարել բազմաթիվ հզոր ֆուտբոլիստների դեմ»: Այս մասին Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ասել է ակումբի պաշտոնական կայքին հարցազրույցի ժամանակ: «Հայրս նույնպես ֆուտբոլ է խաղացել: Նա դարպասապահ էր: Նա խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Սանթոս»-ն ու «Գուարանի»-ն: Սկաուտը, ով եկել էր Հայաստանից, խաղիս ուշադրությամբ հետեւում էր, երբ դեռ երիտասարդ էի: Հանդիպումից հետո, որտեղ ես շատ հաջող գործեցի, նա ինձ առաջարկեց տեղափոխվել Երեւանի «Արարատ»: Ես տվեցի համաձայնությունս, ընդ որում՝ որոշումս կապված չէր գումարի հետ: Հետաքրքիր էր տեղափոխվել նոր երկիր, փոխել միջավայրը: Բացի այդ, Հայաստանը Եվրոպան է, որտեղ հաջող գործելու պարագայում հնարավորություն կստանայի ավելի բարձրակարգ ֆուտբոլային երկրներից առաջարկ ստանալ»,- ասել է նա: Պիզելին նաեւ նշել է, որ Հայաստանի հավաքականում շատ ջերմ մթնոլորտ է տիրում, որտեղ ինքը շատ լավ է զգում իրեն: