Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի բացմանը: Նա իր ելույթի սկզբում թվարկել է տարբեր երկրներում գործունեություն ծավալած հայազգի գյուտարարների ու գիտնականներին, որոնց գյուտերը նպաստել են համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացին:
Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար հարկային արտոնություններ է տալիս տեխնոլոգիական ընկերություններին, որոնք ազատված են շահութահարկից և վճարում են 10% եկամտահարկ: Նրա խոսքով, ոլորտը վերջին 7 տարիներին աճել է 5 անգամ և ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում:
Վարչապետն ասել է նաև, որ Հայաստանը լրջորեն զարգացնելու է նաև կրթությունը: «Մեր երկրում կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ, մարդը երբեք չպետք է դադարի սովորել՝ սկսած վարչապետից, վերջացրած համակարգաչային օպերատորով: Հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար: Ազատ, զարգացող, ինքնիշխան ՀՀ-ն դառնում է գրավիչ երկիր տեխնոլոգիական, նորարարական ներդրումների համար», – ասել է Փաշինյանը: