Հայաստանը պատրաստ է «քննարկել եւ շտկել» ՄՄ-ին հակասող դրույթները
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր Բրյուսելում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանը պատրաստ է «քննարկել և շտկել Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթերի այն դրույթները, որոնք կհակասեն Մաքսային միությանը»: «Ձևակերպման հետ համաձայն չեմ, որ մենք շեղվել ենք եվրոպական ուղուց», - նշեց Աբրահամյանը՝ շարունակելով․ - «Մենք եվրոպական արժեքները բարձր ենք գնահատում և շարունակելու ենք համագործակցությունը Եվրամիության հետ: Այս վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացնել Հայաստանում Եվրամիության աջակցությամբ: Ուղղակի մեր Մաքսային միությանը միանալը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է մեր շահերից: Որևէ հակասություններ մենք չենք տեսնում: Ուղղակի այն արձանագրությունները, որ մենք ապագայում պետք է ստորագրենք՝ նոյեմբեր ամսին, եթե կլինեն կետեր, որոնք կհակասեն Մաքսային միությանը, մենք պատրաստ ենք քննարկելու և շտկելու»:
