Հայաստանը ռուսական «Գազպրոմին» դեռ մի բան էլ գումար է պարտք մնացել.
Ժողովուրդ թերթը գրում է. Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ անցած տարվա դեկտեմբերի 2-ին կնքված ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի» խայտառակ պայմանագրի արդյունքում, պարզվում է, Հայաստանը ռուսական «Գազպրոմին» դեռ մի բան էլ գումար է պարտք մնացել: Այո՛, ասվածի մեջ թյուրիմացություն չկա: ՀՀ Կառավարության՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով նախատեսվում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը հատկացնել 415 միլիոնից մի փոքր ավել գումար` «Գազպրոմ-Արմենիային» վճարելու նպատակով: Հիշեցնենք, որ վերը նշված պայմանագրի հիման վրա «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի` ՀՀ Կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը փոխանցվեց ռուսական «Գազպրոմին»: Պաշտոնապես հայտարարվեց, որ այդպիսով Հայաստանը մարում է ռուսական ընկերության նկատմամբ ունեցած 150 միլիոն դոլարի` անհասկանալի տեղից կուտակված պարտքը: Ըստ փորձագետների՝ նշված բաժնետոմսերը շատ ավելին արժեին:
