Հայհոյել է շենքի բակում եւ կոտրել խորթ դստեր ընկերոջ դռան ապակին. կապանցին ազատազրկվեց 1.5 տարով
Սյունիքում մարզում տղամարդը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման՝ հասարակական կարգը խախտելու եւ խորթ դստեր ընկերոջ տան պատշգամբի դռան ապակին կոտրելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Նվերն օգոստոսի 8-ին գիշերը խուլիգանական դրդումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգն և բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել բազմաբնակարան շենքի բնակիչների նկատմամբ, կոտրել Ա.Կ.-ի բնակարանի պատշգամբի դռան ապակին՝ վերջինիս պատճառելով 1950 ՀՀ դրամի վնաս:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նվերն իրեն մեղավոր է ճանաչել եւ հայտնել, որ խորթ դուստրը մտերիմ հարաբերություններ է ունեցել Կապանի բնակիչ Ա.Կ.-ի հետ, ինչին ինքը դեմ է եղել: Ըստ Նվերի ցուցմունքի՝ օգոստոսի 8-ին գիշերը գնացել է Ա.Կ.-ի տուն, դուռը թակել, սակայն ոչ ոք չի բացել: Նվերի պատմելով, դրանից հետո ինքն իջել է շենքի բակ, բարձրաձայն կանչել Ա. Կ.-ին, որից հետո գետնից քար է վերցրել եւ նետել նրա բնակարանի ուղղությամբ: Նվերն ընդունել է, որ անհանգստացրել է շենքի բնակիչներին, սակայն, այլ տարբերակ չի ունեցել, քանի որ Ա.Կ.-ին դժբախտացրել է իր խորթ դստերը: Նվերը հայտարարել է նաեւ, որ շենքի բակում չի հայհոյել, միայն գոռգոռացել է:
Դատարանը Նվերին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 1.5 տարվա ազատազրկման: