«Հայկական ժամանակ».5 միլիոն 935 հազար դրամ մայիսի 28–ի տոնակատարությունները կազմակերպելու համար
«ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց կառավարության ֆոնդից ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայությանը» տրամադրել 5 միլիոն 935 հազար դրամ: Այդ գումարի հատկացումը, ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, պայմանավորված է «մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնակատարություններ կազմակերպելու և տոնը պատշաճ կերպով նշելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտությամբ»:
Հատկացված գումարից 5 միլիոն 625 հազար դրամը ծախսվելու է 450 հոգու ընդունելություն կազմակերպելու համար (յուրաքանչյուր անձի հաշվով 12 հազար 500 դրամ): 200 հազար դրամը ծախսվելու է մեկ օրով 4 հատ մեքենա վարձելու վրա, 90 հազար դրամ հատկացվելու է մեկ հատ ծաղկեպսակ գնելու համար և 20 հազար դրամի էլ ծաղիկներ են գնվելու:
Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը ճոխ է տոնելու Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
