Հայր ու որդի վիճել են քննիչի հետ ու դանակահարել
2015 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից այն մասին, որ կրծքավանդակի եւ մարմնի տարբեր մասերի շրջաններում ծակած-կտրած վերքերով բուժօգնության են դիմել քաղաքացիներ Էդգար Ս.-ն եւ Սուրեն Մ.-ն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Վահան Ա.-ն եւ նրա հայրը վիճաբանել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մ.-ի ու վերջինիս ընկերոջ՝ Էդգար Ս.-ի հետ:
Կատարված նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ կենցաղային հարցի շուրջ ծագած հիշյալ վիճաբանության ժամանակ Սուրեն Մ.-ին ու Էդգար Ս.-ին դանակահարել է Վահան Ա.-ն: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
Իր հերթին Վահան Ա.-ի հայրը՝ Արթուր Ա.-ն, հայտնել է, որ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ իր հետ վիճաբանության են բռնվել երկու երիտասարդներ, ովքեր հայհոյանքներ են հնչեցրել իր եւ կնոջ հասցեին, նախահարձակ են եղել՝ հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ ինքը նկատել է, որ վիճաբանությանը մասնակցում է նաեւ որդին, ով լսել է մոր բղավոցի ձայները եւ շտապել բակ:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: