Ավարտվել է Հայաստանի սկայռանինգի (skyrunning) առաջին միջազգային մրցաշարը: Տղամարդկանց առաջնության հաղթող է ճանաչվել Հովհաննես Մարտիրոսյանը, ով 2 ժամ 59 րոպեում վերելք է կատարել Արագածի Հյուսիսային գագաթ և ետ իջել՝ հասնելով վերջնակետին:
Ինչպես տեղեկացնում են Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, երկրորդ տեղում է Լևոն Մովսիսյանը, երկրորդ պատվավոր մրցանակը հանձնվեց իրանցի մասնակից Հուսեին Սալեհիին, երրորդ տեղում է Ուրալից Երևան ժամանած Ազատ Նաֆիկովը:
Աղջիկների առաջնության հաղթող է ճանաչվել Մետաքսե Քոլոզյանը, երկրորդ տեղում է Անուշ Աղաբաբյանը, երրորդ՝ Եվա Հարությունյանը:
Հայաստանի սկայռանինգի առաջին միջազգային մրցաշարին մասնակցել են 55 մարզիկներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից և Իրանից: Սկայռանինգի առաջին միջազգային մրցաշարն անցկացվել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից, Գրանդ սպորտ մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ: