ՀԷՑ մասնաբաժինը հավասար կլինի արտադրողի գնին, սա բաց թալան է. Արամ Մանուկյան
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում, անդրադառնալով էլեկտրաներգիայի սակագնի թանկացման հայտին, ասաց, որ եթե նախկինում ՀԷՑ-ի մասնաբաժինը մեկ կվտ ժամ էլեկտրաէնեգիայի դեպքում 12 դրամ էր, այս նոր հայտով 21 դրամ է: Այսինքն՝ էլեկտրաէներգիան արտադրողից սպառողին հասցնելու համար նախկին 12 դրամի փոխարեն նոր հայտով 21 դրամ է ամրագրված:
«Սա բաց թալան է: Քո մասնաբաժինը հավասար լինի արտադրողի գնին, աննորմալություն է դա, քո գործառույթն է արտադրողից հասցնել սպառողին»,- ասաց Արամ Մանուկյանը:
ՀԷՑ-ը նոր հայտով ներկայացրել է, որ կորուստները կազմում են 13 տոկոս: «Կորուստներն ուտելու լավագույն տեղն են: Չկա որևէ տեղ, որ կորուստները լինեն այսքան մեծ, հարյուրավոր միլիոններ ներդրումներից հետո հայտարարում են 13 տոկոս կորուստների մասին, իսկ Երվանդ Զախարյանը օդում հայտարարեց 15 տոկոսի մասին»,- ասաց նա:
Մաշվածությունն այս հայտով ներկայացվել է 8 մլրդ դրամ՝ նախկին 4 մլրդ-ի փոխարեն: «Սա ախորժակ է, հասկանո՞ւմ եք, էս բոլորն ուտելու տեղեր են: Սահմանին գազի գնի իջեցումը պետք է բերեր հոսանքի գնի իջեցմանը, ինչպես նաև գազի սակագնի իջեցմանը: Իրենք այդ իջեցումները չեն արել, այլ լկտիաբար բերել են հակառակ հայտերը»,- ասաց Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ մի բան հստակ է՝ սա իսկապես օրինականացվող գողություն է, ինչը նստած է քաղաքացու ուսերին: Արամ Մանուկյանը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին նախազգուշացնում է, որ առաջինն իրենք են տուժելու, քանի որ նրանց արտադրանքը թանկանալու է ու մրցունակ չի լինելու: «Մեր արտադրողների այս վախվորած, կողքից նայելը ամոթ է, կոչ եմ անում արտադրողներին աջակցել այն կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, որոնք իրենց առաջ խնդիր են դրել թույլ չտալ սակագնի թանկացումը»,- ասաց Արամ Մանուկյանը:
