ՀԷՑ-ի պարտքերը նվազում են
՛՛Հրապարակը՛՛ գրում է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ակտիվություն է նկատվում: Մեզ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը կամաց-կամաց սկսել է մարել ընկերություններին ունեցած պարտքերը: ՀԷՑ-ի պարտքերի պատճառով աշխատավարձ չստացած տարբեր ընկերությունների աշխատակիցներին սկսել են վճարել իրենց աշխատավարձերը: Ասում են, թե ՀԷՑ-ի վիճակը լավանում է, գումարներ են եկել, պարտքերն են մարում, ծրագրեր իրականացնում: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, դա պայմանավորված է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ը գնելու հանգամանքով: Թեեւ պաշտոնապես լուրերը չեն հաստատվում, բայց, ըստ խոսակցությունների, հայտնի գործարարը մտադիր է գնել ՀԷՑ-ի 45 տոկոսը: Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանությունը մեխանիզմներ է որոնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պարտքերի մի մասը մարելու համար, որպեսզի առքուվաճառքի գործարքը կայանա: Եվ պարտքը որոշել էին նվազեցնել տարբեր պետական հիմնարկների միջոցով՝ նրանց պարտադրելով կանխավճարով գումար տալ չսպառած էներգիայի դիմաց: Անգամ անվճարունակների համար առաջարկել էին վարկային գծեր բացել, ասել էին. «Բանկերից փող վերցրեք, որ ձեր ֆինանսական պարտավորությունները կատարեք»:
