Հենրիխ Մխիթարյանը գերազանցեց Արթուր Պետրոսյանի ռեկորդը
armsport.am-ը գրում է, որ Իտալիայի հավաքականի հետ ընտրական հանդիպման 70-րդ րոպեին գլխի հարվածով Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 12-րդն էր: Հենրիխը դարձավ Հայաստանի հավաքականի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն` գերազանցելով Արթուր Պետրոսյանի արդյունավետության ռեկորդը: Եթե Արթուր Պետրոսյանն իր 11 գոլերը խփել էր հավաքականում անցկացրած 69 հանդիպումներում, ապա Մխիթարյանին նրա ռեկորդային ցուցանիշը գերազանցելու համար բավարար եղավ 43 խաղը: Հավաքականում Արթուր Պետրոսյանը գոլերի հաշիվը բացել էր Կոպենհագենում դանիացիների հետ 1995թ. նոյեմբերի 15-ին կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: