Հերթական բացահայտումը. հայտնաբերվել են «Մոցարտը» և «Շոպենը».
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանութան Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Կոտայքի մարզի բնակիչ, 44-ամյա Արմեն Վարդազարյանը և Արարատի մարզի բնակիչ Մարտիրոս Միքայելյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանների ստսցված տեղեկությունը հավաստի է եղել ու պարզվել է, որ վերջիններս հունվարի 17-ին Արաբկիրի վարչական շրջանի Արղության փողոցի թիվ 28 հասցեի նկուղից գողացել էին «Pioner Doisz» տեսակի երաժշտական գործիք՝ տուժողին պատճառելով 1մլն 300 հազար դրամի վնաս: Ոստիկանները հայտնաբերել են նաև երաժշտական գործիքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններին հարևաններն ասել էին, որ գողության վայրում մինչև ոստիկանների ժամանումը իրենք հայտնաբերել են նամակ, որում գրված է եղել. «Մենք ենք՝ Մոցարտն ու Շոպենը. Տանում ենք ձեր գործքը, որ չժանգոտի»: Հարևանները, մտածելով, որ դա օգուտ չի տա գործի բացահայտմանը, պատռել ու նետել են հայտնաբերված նամակը, սակայն Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Մոցարտին, Շոպենին ու երաժշտական գործիքը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: