Հերթական թանկացումը. Թանկացել է գյուղական կաթ-մածունը
Փաստինֆոն գրում է. Վերջին շրջանում սկիզբ առած թանկացումների անվերջանալի շարանը հանգեցրեց նաև գյուղմթերքների թանկացմանը: Հայ գյուղացին որոշել է 50 դրամով ավելացնել սեփական կովերի կաթից ստացած կաթնամթերքը` կաթն ու մածունը:
Արզնիից Երևան բերված կաթ-մածուն վաճառող գյուղացին այսօր թանկացման մասին մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ ստիպված է թանկացրել իր ապրանքը, քանի որ կաթի հիմնական մասը գնում է համագյուղացիներից, որպեսզի դրանից մածուն պատրաստի, իսկ նրանք հրաժարվում են իրենց ապրանքը նախկին գնով վաճառել: Արդյունքում կաթի ու մածունի 1 լիտրը շրջիկ վաճառողները ստիպված թանկացրել են 50 դրամով:
Պատկան մարմինները համատարած թանկացումները կապում են դրամի արժեզրկման հետ: Կովերը հազիվ թե լսած լինեն այս թանկացման մասին, կամ նրանց տված կաթի փոխարժեքը որևէ կապ ունենա հայաստանյան արտարժույթի շուկայում տեղի ունեցող այս երևույթների հետ: Փոխարենը դրանց հետևանքներն անխուսափելիորեն ազդում են հայ գյուղացու կենսամակարդակի վրա:
Կյանքը թանկանում է, գյուղացին էլ փորձում է իր ձևով դիմակայել դրա` օրեցօր ավելացող դժվարություններին:
Ի դեպ, հակառակ ամենաբարձր ամբիոններից հնչող հայտարարություններին, թե գնաճը չի գերազանցում բյուջեով նախատեսված առավելագույն 5%-ը, նշենք, որ միայն գյուղական կաթ-մածունի թանկացումը կազմում է 16.6 %:
Եվ սա էլ դեռ ամենը չէ: Եթե գյուղացին թանկացրել է կաթի գինը, նշանակում է առաջիկայում պետք է սպասել նաև տեղական արտադրության կաթնամթերքի թանկացման:
