Հետախուզման մեջ գտնվող դատավորի կինը դատախազությունում էր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Կաշառքի գործով հետախուզման մեջ գտնվող, հոկտեմբերի 27-ի գործը քննած նախկին դատավոր Սամվել Ուզունյանի կինը՝ Ալլա Հարությունյանը, երեկ ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Նախկին դատավոր Սամվել Ուզունյանին եւ կնոջը՝ Ալլա Հարությունյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշենք, որ այն ժամանակ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը քննել է 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի գործը: Նախկին դատավորին ու կնոջը հրավիրում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հրապարակում, թե որ գույքերը կամ ինչ չափի գումար է դիտարկվում՝ որպես ապօրինի ձեռք բերված եւ բռնագանձման ենթակա գույք: Ի դեպ, Ուզունյանը 2019 թվականից հետախուզման մեջ է: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու փորձին օժանդակելու եւ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու դրվագներով:
Մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն Ուզունյանը լքել է պետական սահմանը, եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացվել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում